Թուրքիայում ժանդարմերիայի ծառայողների վրա կրակ բացողներն «Ալ Կաիդայի» ահաբեկիչներ են եղել

11:05 • 21.03.14

Թուրքիայում երեկ ժանդարմերիայի վրա կրակ բացած անձինք «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցող 3 ահաբեկիչներ են եղել։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Հաթայից վարձակալած մեքենայով Ստամբուլ ուղևորվելու ճանապարհին նրանք կրակ են բացել իրենց կանգնեցրած անվտանգության ուժերի վրա։

 

Հրաձգության հետևանքով զոհվել է 2 զինծառայող, վիրավորվել՝ 5-ը։

 

Դեպքի վայրից փախուստի դիմած ահաբեկիչներից երկուսը հայտնաբերվել են բուժկետում. նրանք ևս վիրավոր են։ Նրանց մոտ 7 ձեռքի նռնակ, 3 «Կալաշնիկով» զենք, 3 ատրճանակ, 2 խլացուցիչ և այլ զինամթերք է եղել։

 

Զոհերի հարազատներն ուղևորվել են բուժկետ և փորձել են Լինչի դատաստանի ենթարկել ահաբեկիչներին։ Ոստիկանությունը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։

 

Ենթադրվում է, որ ահաբեկիչները Թուրքիա են մտել Սիրիայի տարածքից։  Նրանցից մեկը փախուստի է դիմել։ Ոստիկանությունը ողջ գիշեր ուղղաթիռների միջոցով փորձել է գտնել նրանց։