Ուկրաինան պետք է դառնա դաշնային պետություն. Ավստրիայի կանցլեր
Ուկրաինան պետք է դառնա դաշնային պետություն՝ չեզոք ռազմաքաղաքական կարգավիճակով: Այդ կարծիքն է հայտնել Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը մարտի 21-ին «Կուրիր» թերթում հրապարակված հարցազրույցում՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում, ուր նա ժամանել է ԵՄ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, գրում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ «չեզոք կարգավիճակի ամրագրումը կդառնար եվրոպական մեղմ ուժի հաղթանակ»:
«Դա նպատակահարմար է, և ճիշտ կլիներ այդպես»,- ասել է կանցլերը՝ հավելելով, որ համապատասխան առաջարկը ներկայացրել է իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես կարծում է Ֆայմանը, Ուկրաինայի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների համար հարթակ կարող էր դառնալ Վիեննան, իսկ Ավստրիան կարող է կիսվել իր փորձով, քանի որ չեզոքություն է պահպանում 1955 թվականից:
Իր կարծիքով՝ Ուկրաինան պետք է կամուրջ դառնա Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի միջև և հավասարակշռություն գտնի ԵՄ-ի հետ մերձեցման և Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման միջև:










