42 կգ ոսկի, 4.8 մլն դոլար կանխիկ գումար. խուզարկվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարի տունը (լուսանկար)
42 կգ ոսկի, 4.5 մլն դոլար կանխիկ գումար, ադամանդներին նման քարերով տուփեր, 16 թանկարժեք ժամացույց. այսպիսին են Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու բնակության վայրերի խուզարկման արդյունքները։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։
Երկրի գլխավոր դատախազությունը, ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժինը երկրի էներգետիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պետական սեփականության հափշտակման փաստով հետաքննության շրջանակում խուզարկել են Ստավիցկու բնակության վայրը։
Ըստ այդմ՝ առգրավվել են ոսկու ձուլակտորներ՝ ընդհանուր 42 կգ քաշով, 4.8 մլն դոլար կանխիկ գումար, հայտնի բրենդների պատկանող ժամացույցներ, թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, ադամանդների նման քարերով տուփեր, անշարժ գույքի, ընկերություններում մասնաբաժինների մասին վկայող փաստաթղթեր և այլն։
«Ես կխոսեմ որպես մարդ, այլ ոչ թե որպես նախարար։ Ստանալով արդյունքները՝ ես ապշել եմ։ Այդ ինչքա՞ն կարելի է գողանալ, որ նման «մանրը» թողնել տանը՝ ամենօրյա ծախսերի համար»,- գրել է նախարարը։











