Կիևը մտադիր է նոր պետական տոներ հռչակել

18:06 • 22.03.14

Ուկրաինայում հնարավոր է նոր պետական տոներ հայտնվեն. մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկի մշակած օրինագիծը նախատեսվում է մոտ ժամանակում մտցնել Գերագույն ռադա, հայտնում է Взгляд-ը։

 

«Նախատեսվում է, որ մարտի 8-ը և մայիսի 1-ը կդադարեն լինել հանգստյան օրեր՝ մայիսի 9-ի հետ միասին, որը «բոլշևիստական զավթիչների հաղթանակի տոնն» է»,- ասել է նախարարը։

 

Փետրվարի 20-ը կարող է դառնալ Ազատության օր՝ ի պատիվ Մայդանի հերոսների։ Ուկրաինական բանակի օրը առաջարկվում է նշել հուլիսի 8-ին՝ Կոնոտոպյան ճակատամարտի օրը։ Հունիսի 30-ն առաջարկվում է նշել որպես ուկրաինական պետականության վերականգնման օր, նշում են նախարարությունում։

 

Ընդ որում, ինչպես և Եվրոպայում, եկեղեցական տոները նախատեսվում է նշել Գրիգորյան օրացույցով։ Այդպիսով՝ հանգստյան օրերի քանակը մնում է անփոփոխ, փոխվում են միայն օրացույցի ամսաթվերը։

 

Օրինագիծը հաստատել է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին։