ԵԱՀԿ-ն Ուկրաինա է ուղարկում դիտորդների մեծ առաքելություն

09:59 • 22.03.14

ԵԱՀԿ-ն որոշում է կայացրել Ուկրաինայում հատուկ դիտորդական առաքելության տեղակայման մասին: Դիտորդները երկիր կժամանեն 24 ժամվա ընթացքում: Առաքելության մանդատը նախատեսում է դրա տեղակայումը ողջ Ուկրաինայի տարածքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Դիտորդների գրասենյակները կաշխատեն Խերսոնում, Օդեսայում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Խարկովում, Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Չերնովցիում, Լուգանսկում և Կիևում: Ղրիմ դիտորդները չեն պատրաստվում մեկնել:


ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկխալտերի խոսքերով՝ առաքելության թիվը նախնական փուլում կկազմի 100 մարդ, այնուհետև այն կարող է աճել մինչև 500 մարդ: Մանդատի գործողության ժամկետը կազմում է վեց ամիս: Առաքելությունը մտադիր է տեղեկություն հավաքել անվտանգության ոլորտում իրավիճակի մասին, բացահայտել ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների խախտումներ և հետևել մարդու իրավունքների ոլորտում իրավիճակին:


«Իրավիճակն Ուկրաինայում շարունակում է մնալ անկայուն և վտանգավոր: Այդ պատճառով ԵԱՀԿ դիտորդները պետք է իրենց աշխատանքը սկսեն հնարավորինս շուտ»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:


ԱՄՆ իշխանությունները նշում են, որ ԵԱՀԿ առաքելությունն իրավունք ունի այցելել նաև Ղրիմ: Սակայն ինչպես հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը, կազմակերպությունը նման մանդատ չունի, քանի որ Ղրիմն ուրբաթ օրվանից պաշտոնապես Ռուսաստանի մաս է կազմում: