Սաակաշվիլիի նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել

17:28 • 22.03.14

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պարտավոր է համագործակցել քննչական մարմինների հետ, որոնք հարուցված մի քանի գործերի հետ կապված՝ մտադիր են հարցաքննել նրան որպես վկա, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

«Սաակաշվիլին պետք է քննիչների բոլոր հարցերին պատասխանի, հակառակ դեպքում նրա նկատմամբ կասկածներն ավելի կխորանան։ Եթե նրա ողջամտությունը պահպանվել է, նա պետք է Վրաստան վերադառնա»,- ասել է Ղարիբաշվիլին վրացական «Կվիրիս Պալիտրա» շաբաթաթերթին տված հարցազրույցում։

 

Միևնույն ժամանակ նա ասել է, որ «եթե Սաակաշվիլին չգա Վրաստան, նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի, ինչպես ենթադրում է վրացական օրենսդրությունը»։

 

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Վրաստանի նախկին նախագահը հրավիրվել է երկրի գլխավոր դատախազություն՝ որպես վկա մի քանի քրեական գործերով հարցաքննության:


Նա պետք է գլխավոր դատախազություն այցելի մարտի 27-ին։

Գործերի թվում է նաև երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը։