Ինչու՞ ո´չ Նիկոլը և Ժիրայը. ըստ Ժ. Սեֆիլյանի՝ «ԴԵՄ ԵՄ»-ն այս անգամ չի ընկրկել «քառյակի» առաջ
Ինչպես «ԴԵՄ ԵՄ»-ի նախորդ հանրահավաքին, այսօր էլ հայտնի քառյակը դեմ է եղել, որ հարթակից ելույթ ունենան Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը, բայց եթե նախորդ անգամ երիտասարդներն ընկրկել էին, այս անգամ՝ ոչ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու էր այս անգամ շահարկվում իրենց մասնակցել-չմասնակցելու հարցը:
«Ես կարող եմ ենթադրություններ անել, բայց լավ կլինի, որ պատճառի մասին իրենց հարցնեք: Ինձ համար զարմանալի չէ, մանավանդ որ՝ նախորդ «Դեմ ԵՄ»- ի միտինգին ևս իրենք այդպիսի պայման էին դրել երիտասարդների առաջ: Մենք դա ո´չ այն ժամանակ ենք բարձրաձայնել, ո´չ էլ՝ այս անգամ: Նախորդ անգամ լուրն այլ տեղից պտտվեց... չգիտեմ՝ որտեղից, բայց այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամվա, նախաձեռնող խումբը չընկրկեց ու ասաց՝ «ինչո՞ւ դուք, Ժիրայրն ու Նիկոլը՝ ոչ»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը ՝ վսահություն հայտնելով, որ «հրաշալի քառյակը» տեղի է տվել, այլապես իրենք այսօր հարթակից ելույթ չէին ունենա:
Հիշեցնենք, որ թեպետ հանրահավաքի կազմակերպիչները 4 ոչ իշխանական ուժերն էին և «ԴԵՄ ԵՄ»-ը ,«Բարգավաճ Հայաստանից» ու «Հայ ազգային կոնգրեսից» ելույթ ունեցան ո´չ թե համապատասխանաբար՝ Նաիրա Զոհրաբյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, այլ՝ Վահան Բաբայանը և Հրանտ Բագրատյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, թե նախագահական նստավայրից ու գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) շրջապատից բազմաթիվ մարդիկ են ներդրվել շարժման մեջ և հայտարարեց, որ «ԴԵՄ ԵՄ» -ի երիտասարդներն այնքան ինտելեկտուալ ներուժ ունեն, որ շատ հնարավոր է՝ մի օր կարող են օգտագործել հայտնի քառյակին, գումարած՝ Բաղրամյան 26-ը, բայց հակառակը հնարավոր չէ:
Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ ինտելեկտուալ երիտասարդների շարժումը մեծ հաջողություն է:
«Ես վստահ եմ, որ շարժումն իր առջև դրված գլխավոր խնդիրը շուտով լուծելու է և հասնելու է ինչպես իրենք են ասում՝ «մենք ենք տերը մեր երկրի» արտահայտության հիմնական բովանդակությանը»:
Այնպես որ՝ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ «օր առաջ ինքնորոշման գիտակցումը կրող հայ մարդիկ պետք է հավաքվեն իրար գլխի», մեկընդմիշտ փակեն նախորդ նեխած քաղաքական դաշտի էջն ու գնան առաջ:










