Այլևս հնարավոր չէ այսպես աշխատել. Երևանի ուղևորափոխադրողները շարունակում են պնդել ուղեվարձի բարձրացումը (տեսանյութ)

13:19 • 22.03.14

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը և Երևանի երթուղիները սպասարկող մի քանի ուղևորափոխադրող ընկերությունների նախագահներ շարունակում են պնդել, որ ուղեվարձը թանկանա, քանի որ իրենք արդեն չեն կարող նման ձևով աշխատել:

 


«Վերջին անգամ քաղաքապետարանին դիմել ենք մարտի 4-ին, որովհետև այլևս հնարավոր չէ աշխատել, որոշ ընկերություններ լուծարվում են, 100 դրամով ուղևորափոխադրում իրականացնելն անհնար է: Արդեն հասել ենք այն վտանգավոր գծին, որ ևս 7-ը հրաժարվել են իրենց երթուղիներից, այս իրավիճակը հղի է շատ վատ հետևանքներով»,- այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Հրանտ Եղիազարյանը:

 


Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք դիմել են ՀՀ Նախագահին, վարչապետին և քաղաքապետին նամակով, որ այս իրավիճակը շարունակվել չի կարող: «Ապրիլի 4-ին գումարվելու է հերթական նիստը և կարծում ենք, որ այդ նիստի ժամանակ մեզ կասեն, թե ինչ թվերի վրա ենք կանգնում»,- ասաց նա։

 


Դառնալով ուղեվարձի թանկացման իրենց առաջարկին՝ Հրանտ Եղիազարյանը ներկայացրեց. «Մենք ուզում ենք, որ 150 դրամ վճարեն ուղևորները և 50 դրամ էլ պետությունը տա դոտացիա»:

 


Նա ասաց, որ իրենք նաև առաջարկել են, որ իրենց հասանելիք գազը, դիզվառելիքը տան ինքնարժեքով, սակայն չեն համաձայնել, առաջարկել են նաև իրենց ազատել հարկերից, նույնպես չեն համաձայնել:

 


«Ուզում եք եվրասպասարկում՝ Սոմալիի գներով»,- բորբոքված ավելացրեց մեկ այլ փոխադրող: Ասուլիսն ընդհատվեց վեճով: