Իվան Կուխտան Հայաստանում է՝ այսօր նա աշխատանքի է գնացել, դեսպանատունն աշխատում է հերթապահ ռեժիմով
Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան Հայաստանում է, այսօր նա աշխատանքի է գնացել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակից Գալինա Վասիլևնա Միխալենկոն:
«Դեսպանը աշխատավայրում է, Երևանում, դեսպանատանը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ուկրաինան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին. ինչի մասին հաղորդել էր Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը։
Արտգործնախարարության ներկայացուցիչը հավելել էր, որ Կիևը Հայաստանից պաշտոնական տեսակետ է ակնկալում՝ Ղրիմի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։
Ի պատասխան հարցի, թե հաստատում են ուկրաինական լրատվամիջոցների այն տեղեկությունը , որ Կիև հետ է կանչել Երևանում իր դեսպանին, աշխատակցուհին նշեց. «Ոչ մի մեկնաբանություն, զանգահարեք, խնդրեմ, երկուշաբթի»:
Նույնը վերաբերում էր այն հարցին, թե ինչ է երեկ Իվան Կուխտան քննարկել Հայաստանի արտգործնախարարությունում՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Ուկրաինայի դեսպանատան աշխատակցուհին հավելեց, որ իրենք այսօր աշխատում են հերթապահ ռեժիմով:










