Մադրիդում հակակառավարական ցույցերի պատճառով տուժել է 85 մարդ
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած հանրահավաքը, որն ուղղված է եղել գործող իշխանությունների դեմ, ավարտվել է իրավապահների հետ կատաղի բախումներով։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, «Պատվի երթ» խորագրով հանրահավաքի հետևանքով տուժել է 85 մարդ, որից 50-ը ոստիկաններ են։ Իսկ իրավապահ մարմիններին ընդդիմանալու մեղադրանքով ձերբակալվել է մոտ 30 ցուցարար։
Նշվում է, որ հանրահավաքին մասնակցել են տասնյակ հազարավոր ցուցարարներ, ովքեր պահանջել են իշխանություններից հրաժարվել սոցիալական կարիքների համար նախատեսված ֆինանսական միջոցների կրճատումից, քանի որ դա հանգեցնում է բնակչության կենսամակարդակի նվազեցմանը։
Ցուցարարներն իրավապահների դեմ կիրառել են քարեր, պայթուցիկ նյութեր և այլ իրեր։ Դրան ի պատասխան` ոստիկանները գործի են դրել մահակներն ու արցունքաբեր գազը։ Իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ բախումներն ունեցել են աննախադեպ դաժանություն, ինչը հանգեցրել է զգալի էական նյութական վնասի։










