Դուք կհայտնվեք դժոխքում. Հռոմի պապը դիմել է իտալական մաֆիայի պարագլուխներին

14:03 • 23.03.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է իտալացի մաֆիոզիներին՝ վերջիններին նախազգուշացնելով, որ նրանք կհայտնվեն դժոխքում, եթե խելքի չգան ու չկանգնեն ճշմարիտ ուղու վրա։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Կաթոլիկ եկեղեցու հովվապետն ասել է, որ արյան գնով վաստակած գումարներից ու իշխանությունից չհրաժարվելը կործանարար կլինի հանցագործների համար։

 

«Այն կյանքը, որը դուք վարում եք, չի բերի ձեզ ո՛չ հաճույք, ո՛չ երջանկություն։ Հասկացե՛ք, որ անմեղ արյան գնով վաստակած գումարն ու իշխանությունը չեք կարող ձեզ հետ հանդերձյալ աշխարհ տանել։ Ուստի ապաշխարեք, քանի որ դեռևս ժամանակ կա խուսափել դժոխքից, որում կհայտնվեք, եթե շարունակեք բռնած ուղին»,- ասել է Պապը մաֆիայի ներկայացուցիչներին։