«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության շարժումը քաղաքացիականից վերածվում է քաղաքականի. Րաֆֆի Հովհաննիսյան
Ըստ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծված «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության շարժումը քաղաքացիականից վերածվում է քաղաքականի: Tert.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Դիտարկելով հակասահմանադրական օրենքը և համագործակցության հրավիրելով տարբեր ուժերի, ինչպես նաև դատելով այն բոլոր ելույթներից, որ հնչեցին հանրահավաքին, կարելի է եզրակացնել, որ գնալով ավելի քաղաքականանալու է շարժումը»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կախված մարտի 28-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի շուրջ Սահմանադրական դատարանի որոշումից, շարժումը կարող է ավելի մեծ թափ առնել:
«Տպավորությունս այն է, որ եթե հարցը լուծում չստացավ, այս շարժումը տեղափոխվելու է ավելի լայն հարթություն, այդ թվում նաև Սահմանադրական երկրի հաստատում, իշխանափոխություն: Իհարկե, չեմ կարող ասել շարժման ղեկավարների անուններից, բայց տպավորությունս է այդպիսին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի հետ հանրահավաք և երթ անցկացրեց ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:










