Բակո Սահակյանը պարգևատրել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանին

21:19 • 23.03.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Ստեփանակերտում մեկնարկած` ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցներին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից` հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

 


Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման հանդիպումները և երախտագիտություն հայտնել ներկաներին` միջազգային տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, Արցախի միջազգային ճանաչման, տարբեր պետությունների հետ կապերի հաստատման ու ամրապնդման, հանրապետության զարգացման և զորացման ուղղությամբ նրանց հայրենանվեր գործունեության համար:


Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության համար ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: