Կանոնակարգում ենք ոլորտը, որպեսզի, ինչպես ժամանակին էր, կոպեկներով ու ջրի գնով չմասնավորեցնեն պետգույքը. Վիճաբանություն ԱԺ-ում

14:51 • 24.03.14

ՀՀ Սահմանադրության և մեր կողմից ներկայացված «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի նախագծում հակասություններ չկան, այսօր նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ հավելելով, թե իրենք ընդամենն ուզում են կանոնակարգել ոլորտը, որպեսզի, ինչպես ժամանակին էր, կոպեկներով ու ջրի գնով չմասնավորեցվի կամ օտարվի պետական գույքը։ Այս խոսքերը ԱԺ-ում ՀՀ նախին վարչապետ Հրանտ Բագրատյանի և Արման Սահակյանի միջև վիճաբանության առիթ դարձան։


Իսկ մինչ այդ Արման Սահակյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները փորձ են անում խեղաթյուրել բուն օրենքի նախագծի գործունեությունը՝ այն է՝ կանոնակարգել ոչ միայն պետական գույքի տիրապետման և օգտագործման, այլև տնօրինման հարցը։


Արման Սահակյանը մեջբերեց Ջհանգիրյանի դիտարկումը. «Ջհանգիրյանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Կառավարությանը վերապահված է պետական սեփականության կառավարման լիազորությունը, բայց ոչ թե պետական սեփականության ճակատագիրը որոշելու տնօրինելու իրավունքը, քանի որ պետական սեփականության տնօրինման իրավունքն ըստ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդված առաջին կետի՝ պատկանում է նրա սեփականատիրոջը տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությանը»։


Ապա նա միաժամանակ անհրաժեշտություն գտավ մեջբերել Քաղաքացիական օրենսգրքի հոդված 163 հոդված առաջին կետի առաջին պարբերությունը, ըստ որի՝ Սեփականության օրենքը սուբյեկտիվ օրենքով և այլ իրավաբանական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունք է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրենց պատկանող գույքը»։


Արման Սահակյանը նաև հավելեց, որ Սահմանադրության 89-րդ հոդվածում 8-րդ դրույթից և Քաղաքացիական օրենսգրքի տաբեր սահմանումներից պարզ է դառնում, որ Պետական սեփականության իրավունքները, ներառյալ՝ տիրապետման, տնօրինման, օգտագործման իրավունքները իրացվում են ՀՀ անունից, պետական մարմինների կողմից։ «Այս պարագայում մենք գտնում ենք, որ ներկայացված նախագիծը հակասություններ չունի ՀՀ Սահմանադրության և այլ օրենքների հետ»,-ասաց նա և ապա ավելացրեց, որ մինչև այժմ չկա ՀՀ-ում ընդունված որևէ իրավական ակտ, որտեղ պետական սեփականության կառավարում միանշանակ սահմանվի տիրապետման և օգտագործման իրավունքների համար։


Արման Սահակյանը կրկնեց, թե իրենք ըստ էության ցանկանում են կանոնակարգել ոլորտը։ Նա դիմելով ԱԺ-ում նստած նախկին իշխանության մաս կազմող պատգամավորներին՝ հարցրեց. «Իսկ ով էր խանգարում ձեզ այն ժամանակ, որպեսզի այս ոլորտը բերեիք ու կանոնակարգեիք։ Հիմա ընդամենը մենք փորձում ենք կանոնակարգել ոլորտը. այս 3000 խոշոր ձեռնարկություններում, 10 հազար փոքր օբյեկտներում, որոնք ժամանակին կոպեկներով ու ջրի գնով մասնավորեցվել կամ օտարվել են, այդ ժամանակ աշխատում էին մարդիկ, ովքեր այսօր դահլիճում նստած են»։


Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեղից՝ առանց բարձրախոսի բարձր ձայնով արձագանքեց, ինչին ի պատասխան Արման Սահակյանը պատասխանեց. «Պարոն Բագրատյան և այդ զավեշտը հենց վերաբերվում է այդ ժամանակվա կառավարությանը»։


Բագրատյանը տեղից շարունակեց իր պնդումները, ինչը լսելի չէր, սակայն Արման Սահակյանի արձագանքից հասկացվեց, որ վերաբերվում էր պատմական էքսկուրսներին և Նապոլեոնին։


«Ես ասում եմ, որ այդ պատմական էքսկուրսը կապված Նապոլեոնի հետ... այսօր մենք հյուրընկալել ենք 94 ավագ դպրոցի աշակերտներին. կարծում եմ՝ նրանց համար շատ կարևոր էքսկուրս էր»,-եզրափակեց պաշտոնյան։