Իլ-76-ն անհետացած Boeing-ի որոնման վայրում «կասկածելի օբյեկտներ» է հայտնաբերել
Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing 777 օդանավի որոնումներին մասնակցող Չինաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռի անձնակազմը երկուշաբթի Հնդկական օվկիանոսում «կասկածելի օբյեկտներ» է հայտնաբերել:
Այդ մասին հաղորդել է չինական «Սինհուա» գործակալությունը, որը որոնողական գործողությունների որևէ այլ մանրամասներ չի ներկայացրել, գրում է Взгляд-ը:
Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը որոնման աշխատանքների տարածք է ուղարկել Towed Pinger Locator բարձրտեխնոլոգիական ձայնային լոկատորը, որը կարող է օգնել հայտնաբերել ինքնաթիռի «սև արկղերը»։ Նշվում է, որ այն կօգտագործեն ինքնաթիռի բեկորները հայտնաբերելուն պես, որպեսզի օպերատիվ կերպով սկսեն որոնումները, քանի որ ձայնագրիչների աշխատանքը նախատեսված է սահմանափակ ժամկետով:
Մինչ այդ CNN հեռուստաալիքի աղբյուրը, որը ծանոթ է հետաքննության ընթացքին, պատմել է, որ Boeing 777-ը Պեկինի ուղուց շեղվելուց հետո իջել է մինչև 3,6 կիլոմետր թռիչքային բարձրության: Այդ տվյալները ստացվել են ռազմական ռադարներից, որոնք շարունակել են հետևել ինքնաթիռի թռիչքին այն բանից հետո, երբ այն կորել է քաղաքացիական ռադարներից: CNN-ի տեղեկություններով՝ բարձրության իջեցումը կարող է վկայել այն մասին, որ ինքնաթիռում արտակարգ դեպք է պատահել, ինչը ստիպել է անձնակազմին համապատասխան քայլեր ձեռնարկել:










