Տ. Եգորյանը դիմելու է իրավապահ մարմիններին՝ դատարանում «Հարսնաքարի» գործով ամբաստանյալների պահվածքի առթիվ . «Ազատություն»

20:59 • 24.03.14

2012 թ. «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը իրավապահներին ներկայացնելու են հանցագործության մասին հաղորդում՝ ամբաստանյալների ու նրանց հարազատների՝ դատարանի դահլիճում հնչեցրած սպառնալիքների , հայհոյանքների ու անեծքների առիթով:

 

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց Տիգրան Եգորյանը՝ ավելացնելով.«Անեծքը թողնենք մի կողմ. խնդիրն այն է, որ տեղի ունեցավ մեզ ֆիզիակական վնաս հասցնելու փորձ, ամբաստանյալների կողմից սպառնալիքներ և հայհոյանք հնչեցին. Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնք ունեն իրենց ծանրացուցիչ հանգամանքները: Եվ, այո´, պատրաստվում ենք հաղորդում ներկայացնել, թեև դա ներկայացնելու կարիք չկա էլ, որպեսզի իրավապահ մարմինները դրանով զբաղվեն»:

 

Հիշեցնենք, որ երբ այսօր հրապարակվեց վճիռը, համաձայն որի «Հարսնաքարի» գործով կալանավորված բոլոր 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման, ամբաստանյալները և նրանց հարազատները դատարանի դահլիճում սկսեցին հայհոյանքներ, սպառնալիքներ, իսկ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրն էլ՝ անեծքներ տեղալ լրագրողների , իրավապաշտպանների ու փաստաբանների հասցեին:

 

 

Տիգրան Եգորյանն ու Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի մյուս ներկայացուցիչներն այսօր ստիպված են եղել դատարանից դուրս գալ ո´չ թե ճակատային մուտքով, այլ՝ առանձին, քանի որ ոստիկաններն առկա մթնոլորտում դա անվտանգ չհամարեցին:

 

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նկատեց, որ կարգադրիչները և ոստիկանությունը թույլ տվեցին, որ ամբաստանյալի հարազատները մինչև վերջ լուտանքներ և հայհոյանքներ տեղան, և հիշեց, որ Գարիկ Մարգարյանի մայրն իրեն մշտապես այդպես է պահել դատարանում, սակայն դատարանը նրան միայն մեկ անգամ է հեռացրել դատական նիստերի դահլիճից:

 

Ըստ ժաննա Ալեքսանյանի՝ ամբաստանյալի և նրանց հարազատների ագրեսիվ պահվածքից պարզ է դառնում, թե նրանք ինչպես են «Հարսնաքարում» ծեծելով սպանել Վահե Ավետյանին՝ առանց մի պահ անգամ զղջալու:

 

Ի պատասխան հարցի, թե 12 տարին ծա՞նր, թե՞ մեղմ պատիժ է ամբաստանյալներին մեղսագրվող հանցագործության համար, Տիգրան Եգորյանն ընդգծեց, որ իրենք պահանջում էին վերաորակավորել առաջադրված հանցագործությունը՝ որպես ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն, իսկ սա արդեն նախատեսում է ազատազրկում ՝12-20 տարի ժամկետով: