Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը «Դ!ԵՄ ԵՄ»-ի ճնշման արդյունքն է. Գևորգ Գորգիսյան
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության ադամ Գևորգ Գորգիսյանը վստահ է՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին օրենքում փոփոխություններ անելու մասին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունը, միանշանակ, «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ճնշումների արդյունքն է:
«Այդ նույն քննարկումները, իրենց ասելով, 10 տարի է՝ լինում են, արդեն քանի ամիս է՝ մենք բարձրաձայնում ենք, որ թերություններ կան օրենքում, բայց ոչ ոք չէր լսում մեր ձայնը, իսկ երբ արդեն տեսան, որ ժողովուրդը լուրջ դժգոհում է, ստիպված գնացին այդ քայլին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ իրենց առաջարկությունների հիմնական առանցքը պարտադիր բաղադրիչի հանումն է օրենքից, դրանից հետո օրենքը հիմնովին պետք է փոխվի. «Դա միակ տարբերակն է, որի դեպքում մենք կընդունենք օրենքը»:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե պատրաստ են քննարկել «պարտադիր» բաղադրիչը հանելու հարցը, Գևորգ Գորգիսյանն ավելացրեց. «Շատ լավ է, թող քննարկեն, տեսնենք՝ ինչ փոփոխություններ են անում, պատրաստ ենք աջակցել, պատրաստ ենք հանդիպել և երկխոսել այդ ամենի շուրջ»:
Նախաձեռնության անդամը նաև նշեց, որ անթույլատրելի է նաև այն, որ «պարտադիրը» հանվի, բայց շարունակեն պետական աշխատողներին ստիպելով՝ գումարներ պահել, որոնք կրկին սառեցվեն 40 տարով:
Իսկ հարցին, թե Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում ի՞նչ շրջանակում կլինի իրենց համագործակցությունը ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի հետ, Գևորգ Գորգիսյանը դժվարացավ պատասխանել. «Մենք դեռևս համագործակցում ենք կոնկրետ այդ օրենքի հարցում: Քանի դեռ չկա նոր օրենք, ինձ թվում է՝ մենք կշարունակենք համագործակցել, որովհետև նոր օրենքի տարբերակները պետք է մշակվեն օրենսդիր դաշտում»:










