Հաագայում բացվում է Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցում են 50 երկրների առաջնորդներ
Հաագայում մարտի 24-ին բացվում է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցելու են ավելի քան 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություններ։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСC գործակալությունը, նրանց թվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։ Մասնակցելու են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ու չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հաղորդագրությանը, թե գագաթնաժողովի շրջանակում սպասվում է նրանց հանդիպումը, այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։
Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ակնկալվում է, որ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկկողմ բանակցություններ կունենան։
Գագաթնաժողովի արդյունքներով կոմյունիկե է ընդունվելու, որտեղ խոսվելու է միջուկային անվտանգության ռեժիմի ամրապնդման համար անհրաժեշտ հետագա քայլերի մասին։
Այս հանդիպումը երրորդն է լինելու։ Առաջին նման գագաթնաժողովը տեղի է ունեցել 2010թ.-ին՝Վաշինգտոնում, երկրորդը՝ 2012թ.-ին, Սեուլում։
Կազմակերպիչները նշում են, որ միջուկային անվտանգության հարցերը գագաթնաժողովի ընթացքում կարող են երկրորդ պլան մղվել՝ պայմանավորված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով։ Այդ հարցին նվիրված կլինի «յոթնյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի հանդիպումը։
Ուկրաինական թեման կքննարկվի նաև ՌԴ արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ընթացքում։










