«Հարսնաքարի» գործն ավարտվեց. 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման (տեսանյութ)
Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «Հարսնաքարի» գործով դատական գործը. դատարանը` դատավոր Դավիթ Հարությունյանը գլխավորությամբ, 6 ամբաստանյալներին դատապարտեց 12 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` 2012թ. հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
6 մեղադրյալների համար մեղադրող Արթուր Դավթյանը 13-ական տարվա ազատազրկում և 100-հազարական դրամ (մոտ 250 դոլար) տուգանք էր պահանջել:
Վճռից հետո ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանը սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրեց տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին։ Ոստիկանության աշխատակիցներն ուժով նրան դուրս հանեցին դատարանից։
Այնուհետև ամբաստանյալներից Գագիկ Մարգարյանի մայրը բարձրացավ դահլիճի նստարանին և իր հերթին հայհոյանքներ ուղղեց փաստաբան Տիգրան Եգորյանի՝ անիծելով նրան ու նրա երեխաներին։
«Վահե Ավետյանի կինը ավտո քշելով կայֆավատ ա լինում, իսկ դուք էս երեխեքին եք դատում, որ երեխեք ունեն»,-շարունակեց կինը. շտապօգնության բժիշկները փորձեցին հանգստացնել նրան։










