Քեսաբի մարտերի ընթացքում սպանվել է Ասադի հորեղբոր որդին
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հորեղբոր որդին՝ Հիլալ ալ Ասադը, զոհվել է Թուրքիայի հետ սահմանին՝ Քեսաբ հայաբնակ ավանի մոտ ընթացող մարտերի ընթացքում, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով։
Հիլալի մահվան փաստը հաստատել է ինչպես Լոնդոնում գործող և ընդդիմությանը հարող «Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնը», այնպես էլ սիրիական պետական հեռուստաընկերությունը։
Հիլալ ալ Ասադը համարվում էր Լաթաքիա նահանգում Ազգային պաշտպանության ուժերի ղեկավարը։ Ազգային պաշտպանության ուժերը կառավարամետ խմբավորումներ են, որոնք ստեղծվել են Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր։
Իրավապաշտպանների խոսքերով՝ Սիրիայի նախագահի զարմիկը մահացել է «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող «Ալ Նուսրայի ճակատ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման դեմ մարտերի ընթացքում։ Նրա հետ զոհվել են Ազգային պաշտպանության ուժերի ևս 7 մարտիկներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լաթաքիա նահանգում շարունակվում են մարտերը։ Երեկ Թուրքիան հայտարարել էր, որ կործանել են Սիրիական կառավարական ուժերին պատկանող մի ինքնաթիռ, որը խախտել էր Թուրքիայի օդային տարածքը։
Ողջ մնացած սիրիացի օդաչուն, սակայն, տեղեկացրել է, որ ինքնաթիռին հրթիռային հարված է հասցվել այն ժամանակ, երբ այն գտնվել է սիրիական տարածքում՝ Թուրքիայից 7 կմ հեռու։










