Սիրիահայերն աշխարհի հայությանը կոչ են անում ձայն բարձրացնել Քեսաբի համար
Քեսաբի իրադարձություններով պայմանավորված՝ աշխարհի ողջ հայությունը պետք է ձայն բարձրացնի, սա ոչ միայն Սիրիայի հարցն է, այլև Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին թուրքական նոր արշավ՝ հայաբնակ շրջանի բնակիչներին տեղահան անելու համար. Tert.am-ի հետ զրույցում կոչ արեց սիրիահայ համայնքի մի ներկայացուցիչ՝ խնդրելով չհրապարակել անունը։
Աղբյուրի խոսքով՝ ասվածի վկայությունն է թուրքական բանակի կողմից սիրիական օդուժին պատկանող ինքնաթիռի կործանումը հենց Սիրիայի տարածքում։
Քեսաբը հայկական ավան լինելուց զատ գեղեցիկ ամառանոց էր՝ պատմական Կիլիկիայի մնացորդ մասունք, որի գոյությանն ու պահպանությանը տեր լինել է պետք։
Քեսաբի հայերը ապաստան են գտել Լաթաքիայում՝ որոշ մասը ծանոթ-բարեկամների տներում, մյուս մասը՝ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում։
Սակայն իրավիճակը Լաթաքիայում նույնպես սկսել է լարվել։
Tert.am-ի Լաթաքիայի աղբյուրները տեղեկացնում են, թե բնակիչները մտավախություն ունեն, որ Լաթաքիայում լարվածության աճին կարող է նպաստել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հորեղբոր որդու սպանությունը։










