Մալայզիական օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Malaysia Airlines ավիաընկերության օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Հոնկոնգում, հայտնում է Fox News-ը: Պատճառը գեներատորի խափանումն է:
Սա տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ նույն փոխադրողի մեկ այլ օդանավի անհետացման ու դրա որոնման աշխատանքների ֆոնին:
Malaysia Airlines-ի Facebook-յան պաշտոնական էջում նշված է, որ վայրէջք կատարած օդանավն իրականացնում էր MH066 չվերթը՝ Կուալա Լումպուրից Սեուլ: Իսկ հարկադիր վայրէջքի պատճառը հիմնական գեներատորի խափանումն է, որն էլեկտրականություն է մատակարարում:
Airbus A330-300-ը վայրէջք է կատարել տեղական ժամանակով գիշերվա երեքին: Օդանավակայանում այդ ինքնաթիռին դիմավորել են հրշեջները, սակայն միջադեպեր չեն գրանցվել:
Օդանավի 271 ուղևորները Սեուլ են ուղարկվել այլ չվերթների օդանավերով:










