Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանը հանդես է եկել Ռուսաստանի միջազգային մեկուսացման օգտին

13:33 • 24.03.14

Վաշինգտոնը Մոսկվայի հետ առճակատման նոր փուլ է թևակոխել՝ չունենալով երբեմնի բարոյական հեղինակությունը. կոնֆլիկտում հաղթելու համար պետք է վերականգնել ԱՄՆ-ն որպես օրինակելի երկիր, ինչպես նաև Ռուսաստանի դեմ խիստ միջոցներ կիրառել, մասնավորապես՝ ձեռնարկել երկրի միջազգային մեկուսացմանն ուղղված միջոցառումներ, երկուշաբթի գրել է Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը, հաղորդում է ria.ru-ն:

 

Նախկին դեսպանի «Պուտինյան Ռուսաստանի հետ առճակատումը» ծրագրային հոդվածը հայտնվել է «New York Times» թերթի կայքում: Մաքֆոլն ընդունում է, որ Սպիտակ տունը, մտնելով Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ, չունի այն բարոյական հեղինակությունը, որն ուներ անցած դարում՝ «սառը պատերազմի» ժամանակներում: Նախկին դեսպանի կարծիքով՝ Վաշինգտոնի համար Ուկրաինայի վերջին իրադարձությունները նշանակում են 25 տարի առաջ ավարտված կոնֆլիկտի վերսկսում, սակայն արդեն՝ նոր մակարդակում:

 

Մաքֆոլը որպես առաջնահերթ քաղաքական քայլ խորհուրդ է տալիս Ռուսաստանի միջազգային մեկուսացումը և Ռուսաստանի հարևան պետություններում է՛լ ավելի մեծ թվով ՆԱՏՕ-ի զորքերի և ռազմական տեխնիկայի տեղակայում: Նա նշում է, որ ինչպես Երկրորդ համաշխարհայինի և «սառը պատերազմի» ժամանակ, Ռուսաստանի հետ համագործակցությունը պետք է հնարավոր դառնա միայն կենսական կարևոր շահերի հատման դեպքում և ունենա բացառապես գործնական բնույթ: