Լրագրողների ձեռքում է հայտնվել Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի «պլանը» (լուսանկար)

16:56 • 24.03.14

Ռուսաստանը մտադիր է իր կազմում ներառել Ուկրաինայի «բոլոր ռուսական շրջանները», այդ թվում՝ Կիևը: Դա հետևում է «KyivPost» թերթի գլխավոր խմբագիր Եկատերինա Գորչինսկայայի տարածած փաստաթղթից, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

 

Հաղորդվում է, որ փաստաթուղթը մշակվել է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդում:

 

Ինչպես երևում է պլանից, այն կազմել են դեռևս Կիևում և շրջաններում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ: Պլանում նշվում է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն իր շահերի պաշտպանության համար:

 

Փաստաթղթի հեղինակները վստահ են, որ այդ նպատակի իրականացումը կարելի է ապահովել միայն «ռուսների քաղաքների մայր՝ Ուկրաինայի մայրաքաղաք, հերոս-քաղաք Կիևի նկատմամբ վերահսկողություն հաստատելով»:

 

«Միայն Ուկրաինայի ռուսական շրջանների, մասնավորապես՝ Ղրիմի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժյեի, Դնեպրոպետրովսկի, Չեռնիգովի, Սումսկի, Խարկովի, Կիևի, Խերսոնի, Նիկոլաևի, Օդեսայի շրջանների լիարժեք ներառումը Ռուսաստանի կազմում կարող է երաշխավորել խաղաղություն, դրանց բնակչության անվտանգությունն ու բարգավաճումը, ինչպես նաև Ռուսաստանի շահերի հուսալի պաշտպանություն»,- ասված է փաստաթղթում:

 

Պլանի հեղինակները կարծում են, որ «նման վերահսկողության հուսալի երաշխիքներ կարելի է ստանալ միայն ՌԴ զինված ուժերի, անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների կիրառման միջոցով»։