ԱՄՆ պետդեպը մտահոգված է Սաակաշվիլիին մի քանի գործով հարցաքննության կանչելու կապակցությամբ

14:58 • 24.03.14

ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնում Վրաստանի ներկայիս իշխանությունների կողմից երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մի շարք գործերով հարցաքննության կանչելու առթիվ. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը։

 

Վրաստանի դատախազությունը շաբաթ օրը հայտարարել էր, որ Սաակաշվիլիին միանգամից մի քանի գործով ցուցմունք տալու է հրավիրել։ Սաակաշվիլիին հարցեր կտան մասնավորապես 2005թ.-ին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով։

 

«Միանգամից մի քանի գործերում նախկին նախագահին ներգրավելը մտահոգվելու տեղիք է տալիս՝ հնարավոր քաղաքական ենթատեքստի առկայության առումով, մանավանդ, երբ իրավական և իրավաբանական ինստիտուտները Վրաստանում դեռ թույլ են»,- ասված է հայտարարության մեջ։

 

Փաստաթղթում նաև խոսվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ փետրվարին Վաշինգտոն կատարած այցի մասին։ «Ինչպես արդեն քննարկվել է բարձր մակարդակով, ԱՄՆ-ն կոչ է անում Վրաստանի առաջնորդներին կենտրոնանալ երկրի ապագայի, տնտեսական հզորացման, դատական բարեփոխումների վրա»,- հիշեցրել է Հարֆը։