Ըստ Գալուստ Սահակյանի՝ քննարկվելու են «Կուտակայինի» մասին օրենքում «անհարթությունները» միայն
Հայտարարելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ անելու համար պետք է քննարկում անցկացնել, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատի է ունեցել այն, որ օրենքը, ինչպես ցանկացած այլ օրենք, անհարթություններ է պարունակում:
Այս մասին Tert.am –ին հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահի՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարությունը:
«Խնդիրն այն է, որ ցանկացած օրենքում գործողության մեջ դրվելուց հետո անհարթություններ են հայտնաբերվում, և միշտ էլ փոփոխություններ են կատարվում օրենքներում: Ամեն ժամանակաշրջան իր խնդիրն ունի, օրենքը կարող է փոփոխվել, ավելի կենսագործելի դառնալ» ,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում նախ՝ ասաց, որ իրենք գտնում են, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ անելու համար պետք է քննարկում անցկացնել, և որ դա չպետք է լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների, ապա ավելացրել.« Եթե հասկանանք, որ օրենքի մեջ կան թերություններ, մենք անպայման կշտկենք դրանք, բայց դա ճնշումների հետ կապ չունի»:
Պատասխանելով հարցին, թե՝ պատրա՞ստ են հանել «պարտադիր» բառը, ԱԺ նախագահն ասաց. «Պատրաստ ենք քննարկել»:
Գալուստ Սահակյանն էլ, պատասխանելով հարցին, թե իր մատնշած «անհարթությունները» կարո՞ղ են հանգեցնել նրան, որ օրենքից հանվի «պարտադիր» բառը, ասաց. «Ո´չ: Մեզ մոտ նման խնդիր դեռ չի քննարկվել, բայց ես դրան կողմ չեմ լինի, որովհետև եթե պարտադիրը հանեն օրենքից, այն կկորցնի իր նշանակությունը»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ Tert.am –ին ասաց, որ պատկերացում չունի, թե ինչ զիջումների մասին է խոսքը և մինչև ուր կարող է գնալ իշխող քաղաքական մեծամասնությունն այս հարցում:
«Նախ՝ Սահմանադրական դատարանն է այն բարձագույն ատյանը, որը պետք է որոշի օրենքի հետ կապված հարցը: Դրանից հետո կորոշենք, թե ինչպես առաջնորդվենք»,-ասաց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավարը:










