Ընդունել իբրև կոչ. սիրիահայերի կոչը՝ Քեսաբի դեպքերի և հայաբնակ ավանի վրա իրականացված հարձակման մեջ Թուրքիայի դերի վերաբերյալ
Սիրիահայերի ֆեյսբուքյան էջերում տարածվել է Բերիո թեմի լրատվական գրասենյակի հաղորդագրությունը Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա իրականացված հարձակման վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք որոշ կրճատումներով.
«Սիրիայի պատերազմի անցնող երեք տարիների ընթացքում թեև Քեսաբը տագնապալի պահեր ունեցավ, սակայն համեմատաբար շարունակում էր ապահով լինել։ Տեղի էին ունենում փորձեր, որոնք հաջողվում էր հետ մղել։
2014թ.-ի մարտի 21-ին սկսված հրաձգություններն աստիճանաբար շատացան։ Առավոտյան ժամը 5։45-ին զինյալ խմբավորումներն արդեն իրենց զենքերը տեղադրել էին, և թուրքական բանակի հրթիռով պայթեցրին Կասիոս լեռան բարձունքին գտնվող ամենամոտ ոստիկանատունը, որը համարյա թուրքական զորանոցի դիմաց է և երկու տարվա մեջ այդ շրջանից ներթափանցելու ոչ մի փորձ տեղի չի ունեցել։
Այնտեղ վիրավորվեց ոստիկանապետն ու նահատակվեցին մի շարք ոստիկաններ։ Ապա զինյալները թափանցեցին Սև Աղբյուր գյուղ և գրավեցին երկու ոստիկանատուն, և բարձրադիր տների վրա տեղակայելով իրենց զենքերը՝ սկսեցին կրակել խաղաղ բնակչության վրա և արկեր արձակել։
Մինչև առավոտ ժամը 7։30 արդեն մեծաթիվ ինքնաշեն հրթիռներ էին պայթել Քեսաբում։ Ապա նրանք հարձակվեցին Լեղի Ջուր շրջանի մաքսատան վրա, որտեղ սիրիական բանակն ուժեր ուներ։
Անցնող տարիների ընթացքում սիրիական բանակը շատ զգուշավոր էր։ Փաստորեն Քեսաբի դեպքում մենք մնացել էինք թուրքի քմահաճույքին։
Թուրքիան ևս սկզբում զգույշ էր, սակայն այս անգամ օժանդակեց ներթափանցմանը, քանի որ զինյալները, քեսաբցի ականատեսների վկայությամբ, անցել են թուրքական զորանոցներով։ Կասիոս լեռան բարձունքին թուրքական կողմը ռադարային կայան ունի, որոնց տակից էլ անցել են զինյալներն ու մտել Քեսաբ։
Քեսաբում յուրաքանչյուրը կարող է հաստատել, որ զինյալները հայաբնակ ավան են մտել թուրքական կողմի հստակ օժանդակության արդյունքում։
Քեսաբի բնակչության 90%-ն այժմ դուրս է եկել շրջանից։ Գալատուրանտում և Քեսաբում մնացել էին 10-15 ընտանիք, որոնք բոլորը երեկ գիշեր լքել են իրենց տներն ու հաստատվել Լաթաքիայում։
Ամենավերջում Լաթաքիա են իջել հայ երիտասարդները, որոնք լեռների վրա հսկում էին բարձունքները։
Քեսաբում մնացել են որոշ տարեցներ, որոնք չեն ցանկացել լքել իրենց բնակարանները։
Եթե թուրքական միջամտությունը չլիներ, բանակն արդեն ետ մղած կլիներ ներխուժողներին, որովհետև առաջին անգամ կարողացել էր բավական ետ մղել նրանց։
Տեղացիների վկայությամբ՝ զինյալները միայն թուրքական միջամտության շնորհիվ կարողացան առաջընթաց արձանագրել։
Քեսաբի բնակչությունն այս պահին հավաքված է Լաթաքիայի դպրոցում և եկեղեցում։ Մոտ 670 հայ ընտանիք (90%-ը՝ բնիկ քեսաբցի) այժմ գտնվում է Լաթաքիայում։
Տեղահանված բնակիչներին օգնում են Սիրիական Կարմիր Մահիկ կազմակերպությունը, Սիրիահայ օգնության խաչը, Հույն Օրթոդոքս եկեղեցական կազմակերպությունները, Քեսաբի երեք համայնքների հովիվներն ու Լաթաքիայի եկեղեցին։
Լաթաքիայի և Քեսաբի շտապօգնության ծառայությունները միավորել են իրենց ջանքերն ու շտապում են օգնել ժողովրդին։
Միջազգային պաշտոնական աղբյուրները հաստատում են թուրքական կողմի անմիջական դերակատարությունը Քեսաբ ներխուժման հարցում։
Քեսաբ ներխուժումը նորագույն փաստն է սիրիական պատերազմում Թուրքիայի ունեցած դերակատարության վերաբերյալ։ Թուրքիան քաղաքական սեփական ծրագիրն է մշակում հակահայ գործունեություն ծավալելու համար։
Հարկավոր է, որպեսզի այսօր ողջ աշխարհի հայությունն աշխարհին բացատրի Սիրիայում թուրքական հայատյաց քաղաքակությունը։ Սա պետք է ընդունել որպես կոչ»։










