Ռուսական զորքերը ռազմաբազա են գրավել Թեոդոսիայում. BBC

11:45 • 24.03.14

Թեոդոսիայում ռուսական հատուկ ջոկատը ներխուժել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի ծովային հետևակի գումարտակի տարածք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հայտնել է ծովային հետևակի գումարտակի հրամանատարության ներկայացուցիչն «Интерфакс-Украина» գործակալության թղթակցին, առավոտյան ժամը 4-ի սահմաններում զորամասին է մոտեցել ևս 4 «КАМаз»՝ հատուկ նշանակության ջոկատների աշխատակիցներով, երկինք է բարձրացել մի քանի ուղղաթիռ, զորամասի վրա սկսել են խլացնող նռնակներ նետել:

 

Ծովային հետևակի ներկայացուցչի խոսքով՝ հատուկ ջոկատին հաջողվել է ներխուժել զորամասի տարածք: Դրա հետ մեկտեղ՝ Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, Facebook-յան իր էջում հայտնել է, որ «6:17-ի դրությամբ զորամասի տարածքից դուրս է եկել 3 УРАЛ` գերի ուկրաինացիներով, որոնց ձեռքերը կապված են եղել»: