Ժիրինովսկին Լեհաստանին, Հունգարիային և Ռումինիային առաջարկել է բաժանել Ուկրաինան

13:04 • 24.03.14

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լեհաստանին առաջարկել է հասնել իր տարածքին հինգ ուկրաինական շրջանների միացման մասին հանրաքվեների անցկացման: Նման ուղերձներ են ստացել նաև Հունգարիան և Ռումինիան, գրում է dw.de-ն:

 

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Պետդումայից պաշտոնական նամակ է ստացել, որտեղ առաջարկվում է բաժանել Ուկրաինայի տարածքը, հաղորդել է լեհական TVP1 հեռուստաալիքը: Ժիրինովսկու կողմից ստորագրված փաստաթուղթն առաջարկում է Վարշավայի կառավարությանը հասնել ուկրաինական հինգ՝ Վոլինի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Տերնոպոլի և Ռովնոյի շրջաններում Լեհաստանին միանալու մասին հանրաքվեների անցկացման: Զակարպատյեի և Չեռնովիցկի շրջանների հետ կապված նմանատիպ ուղերձներ են ստացել նաև Հունգարիան և Ռումինիան, հաղորդում է gazeta.pl ինտերնետ-պորտալը:

 

Լեհաստանի ԱԳՆ-ում Վլադիմիր Ժիրինովսկու առաջարկները համարել են «այն աստիճան տարօրինակ, որ ոչ մեկ դրանց լուրջ չի վերաբերել», հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարցին Վոյցեխովսկին: Լեհաստանի նախագահի խորհրդական Տոմաշ Նալենչը խստորեն քննադատել է Վլադիմիր Ժիրինովսկու նախաձեռնությունը և կարծիք հայտնել, որ Ժիրինովսկու նամակը «պետք էր փոխանցել հոգեբույժի»: