Ադրբեջանը շարունակում է ֆաշիստական և հայատյաց քաղաքականություն վարել. Է. Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ–ում հայտարարությունների ժամին անդրադարձավ սիրիական Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող իրադարձություններին, շփման գծում հրադարարի ռեժիմի խախտումներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի քաղաքականությանը՝ այն անվանելով «ֆաշիստական և հայատյաց»։
Ելույթում ԱԺ փոխնախագահն ասաց.
Հարգելի խորհրդարան,
Հարևան երկիրը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ համառորեն մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը: Սրա վառ ապացույցն է այն, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կողմից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը: Ակնհայտ է, որ այս ամենն արդյունք է Ադրբեջանի ղեկավարության ֆաշիստական և հայատյաց քաղաքականության: Եվ այս ամենից հետո նրանք դեռ իրենց հասարակությունն անվանում են հանդուրժողական: Կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ գերմանական նացիստներն էին իրենց շարժումը կոչում քրիստոնեական: Մեկնաբանություններն ավելորդ են:
Հարգելի գործընկերներ,
Վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները: Անդրադառնալով Քեսաբի իրադարձություններին՝ Նախագահ Սարգսյանն իրավացիորեն նշեց. «Քեսաբի հայերի՝ թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է»:
Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային խաղաղությանը, այլև ազդակ ՄԱԿ-ի և այն միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ:
Հարգելի խորհրդարան,
Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին իր ակտիվ մասնակցությունն է բերում նաև քաղաքացիական հասարակությունը, որի կայացումը համարում եմ բոլորիս ձեռքբերումը: Մենք՝ հանրապետականներս, ողջունում ենք քաղաքական բազմակարծության ցանկացած օրինական դրսևորում, սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ քաղաքական գործիչներ բազմակարծություն ասելով հասկանում են զրպարտանք և անձնական վիրավորանք: Նրանք ակնհայտորեն մոռանում են, որ դիմացինին զրպարտելով և վիրավորելով իրենք չեն բյուրեղանում: Հիշենք, որ մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն է»:










