ԱՄՆ դատարանը փակել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի գործը

21:27 • 25.03.14

Նյու Յորքի Դաշնային դատարանը փակել է զրպարտության և պատվի վերականգնման մասին հայցով գործը, որը 3 տարի առաջ ներկայացրել էր ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը:


Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալությանը (РАПСИ) հղումով:


Եղիազարյանը, ում զրկել էին պատգամավորական ամձեռնմխելիությունից, 2011-ի ապրիլին պատվի վերականգնման մասին հայց էր ներկայացրել՝ ընդդեմ ԱՄՆ քաղաքացի «Եվրասիական ժողովրդավարական նախաձեռնություն» միության ղեկավար Պյոտր Զալմաևի: Իր հայտարարության մեջ նախկին պատգամավորն ընդգծել էր, որ ինքը «ռեյդերական զավթման» զոհ է դարձել, որի նախաձեռնողները մի շարք ռուս գործարարներ են եղել, այդ թվում՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:


Եղիազարյանի կարծիքով՝ հակամարտության պատճառ է դարձել իր մասնակցությունը «Մոսկվա» հյուրանոցի վերակառուցման ծրագրին, և իրեն վարկաբեկելու համար հատուկ քարոզարշավ է սկսվել, իսկ ԱՄՆ-ում այդ քարոզարշավը նախաձեռնել է հենց Զալմաևը:


Երկարատև դատական լսումների արդյունքում ամերիկյան դատարանը որոշում է կայացրել մերժել Եղիազարյանի հայցը, որից հետո դատարանի քննարկմանն են ենթարկվել Զալմաևի հակընդդեմ հայցերը «դատական գործերի» զոհ դառնալու մասին, որոնք ևս դաշնային դատարանը մերժել է: