Պուտինի դեմ մահափորձի համար կասկածվողը կարող է ազատ արձակվել Ուկրաինայում

11:54 • 25.03.14

Չեչեն Ադամ Օսմաևի կինը, որը ձերբակալվել էր Ուկրաինայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով, նոր իշխանություններին խնդրել է ազատ արձակել ամուսնուն, հայտնում է «Կոմերսանտը»:

 

Կինը՝ Ամինա Օկուևան, պահանջում է ռեաբիլիտացիայի ենթարկել իր ամուսնուն և նրան քաղբանտարկյալ ճանաչել: Նա դիմել է Գերագույն ռադային, Անվտանգության ծառայությանը և Ուկրաինայի Գլխավոր դատախազություն: Ներկայում Օսմաևի գործով դադար է հայտարարվել:

Այս գործը նախատեսվում է վերսկսել ապրիլին:

 

Նախկինում Օսմաևի կինը ևս դիմել է այս հարցով, սակայն ըստ նրա՝ միայն հիմա իրական հնարավորություն կա, որ նա ազատ կարձակվի:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նոր իշխանություններն արդեն իսկ ռեաբիլիտացիայի մասին որոշումներ էին կայացրել՝ ծանր հանցագործությունների համար մեղադրվող այլ անձանց դեպքում:

 

Ադամ Օսմաևը ձերբակալվել էր 2012-ի փետրվարին Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով: