Գյումրիում երկրաշարժի հետևանքով քիչ անօթևաններ են մնացել, իսկ Վահան Թումասյանն ինքնախաբեությամբ է զբաղված. Ս. Ավետիսյան

20:10 • 25.03.14

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիի անօթևանների խնդրին, ասաց, որ «կոնկրետ երկրաշարժի հետևանքով անօթևաններ այսօր Գյումրիում, արդեն կարելի է ասել, շատ քիչ են մնացել, որոնց բնակարանի հարցը կլուծվի»:


«Այսօր իշխանություններն անօթևանների խնդիր ունեն ամբողջ Հայաստանում»,-ասաց պատգամավորը:

 

Արձագանքելով «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանի պնդումներին, թե հեքիաթներ են, որ պետությունը ծանր վիճակում է և չի կարողանում լուծել խնդիրը, և ստացվում է այնպես, որ ինչ կախված է տեղական իշխանություններից՝ լուծվում է, իսկ ինչ կախված է հանրապետական իշխանություններից, ընդհակառակը՝ խորացվում է, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Վահան Թումասյանն ընդամենն զբաղված է ինքնախաբեությամբ, ես իրեն էլ եմ ասել: Վահան Թումասյանը ման է գալիս, գտնում է ինչ-որ կացարաններ, որտեղ մարդիկ բնակվում են անհասկանալի հիմքով: Նա դա դրոշակ է դարձնում և ասում, թե իշխանություններն այս ընտանիքի խնդիրներով չեն զբաղվում»:


 

Պատգամավորի խոսքով՝ բացի ամպագորգոռ հայտարարություններից՝ հարկավոր է մտածել նաև քաղաքի զարգացման մասին: «Պատրաստ եմ Վահան Թումասյանի ու նրա նմանների հետ երկա՜ր զրուցել այդ հարցերի շուրջ: Իշխանությունները մտածում են ո´չ թե կոնկրետ մի ընտանիքի, այլ՝ հազարավոր ընտանիքների մասին»,-նշեց Սուքիաս Ավետիսյանը:

 

Հարցին, թե Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներ չկա՞ն, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Անօթևաններ կան, բայց Վահան Թումասյանն ընդհանուր անօթևանների մասին է խոսում, որոնց հիմնավորումը դեռ անհայտ է: Հազարավոր դեպքեր գիտեմ, երբ մարդիկ բնակարաններ են ստացել կամ սեփական բնակարաններ ունեն, ուղղակի դուրս են եկել ու 200 դոլարով ժամանակակից կացարաններ են առել ու ապրում են այդտեղ և ուզում են, որ իշխանություններն իրենց նորից բնակարան տան: Այդպես չի լինում»: