Ադրբեջանի կոմունիստները նամակով աջակցություն են հայտնել Պուտինին և խոսել ԽՍՀՄ-ի վերականգնման անհրաժեշտության մասին
Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է հղել, որում աջակցություն է հայտնել Ղրիմի հարցում նրա դիրքորոշմանը:
Ինչպես տեղեկացնում է haqqin.az ադրբեջանական կայքը, Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Թելման Նուրուլլաևը չի նշել նամակը ստորագրած մարդկանց անունները, սակայն ասել է, թե այն ստորագրել են մտավորականության ներկայացուցիչներն ու հանրությանը հայտնի մարդիկ:
Նա նաև նշել է, որ Խորհրդային միությունն անկում է ապրել՝ հակառակ դրա քաղաքացիների ցանկության: «1991թ,-ի մարտի 17-ին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում բնակչության 70%-ը կողմ է քվեարկել ԽՍՀՄ-ի պահպանմանը: Երեք մարդ, սակայն, որոշել էին կործանել ամենակարող երկիրը», - ասել է Նուրուլլաևը:
Նա նաև կողմ է արտահայտվել Ադրբեջանի միացմանը Մաքսային միությանը, նշելով, որ ադրբեջանցիներին Ռուսաստանն է կերակրում, այլ ոչ Եվրոպան:
Կոմունիստ առաջնորդի խոսքով՝ ԽՍՀՄ-ի վերականգնումն ինքնաբերաբար կլուծի նաև Ղարաբաղի հարցը, քանի որ խնդրի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքերում է:










