Ուկրաինացի ազգայնական Սաշա Բելին մահացել է նրա խմբավորման անդամների ձերբակալության ժամանակ. երկրի ՆԳՆ

13:18 • 25.03.14

Այս գիշեր ուկրաինական Ռովնոյի շրջանում զինված խմբավորման վնասազերծման հատուկ գործողություն է իրականացվել։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Եվդոկիմովը, հաղորդում է liga.net-ը:

 

«Դեռևս մարտի 8-ին քրեական գործեր են հարուցվել «Պրավիյ սեկտոր» ազգայնական կազմակերպության անդամ Ալեքսանդր Մուզիչկոյի դեմ (Սաշա Բելի)՝ խուլիգանության և իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական գործունեությանն ընդդիմանալու համար: Մարտի 12-ին Մուզիչկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- հայտնել է նա:

 

Եվդոկիմովը հայտնել է, որ Մուզիչկոյին հայտնաբերել են Ռովնոյի մոտ գտնվող գյուղի սրճարանում և որոշում են կայացրել ձերբակալել նրան: Գործողության ընթացքում ձերբակալվել է Սաշա Բելիի խմբավորումից երեք հոգի, առգրավվել է AK և ПМ: Բելին ցանկացել է փախուստի դիմել և կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Այնուհետ իրավապահներից մեկը, ում վրա կրակել է Բելին, կրակել է նրա ոտքերին: Հաղորդվում է, որ երբ փորձել են Բելիին ձերբակալել, տեսել են, որ նա վիրավոր է:

 

Մյուս երեքին տեղափոխվել են Կիև՝ հարցաքննության:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի Ռովնո քաղաքում սպանված է հայտնաբերվել ազգայնական «Պրավի սեկտոր» կուսակցության ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն, ով ավելի հայտնի է որպես Սաշա Բելի: