Սկզբից պիտի ասեիր, որ Թումանյանն է ասում, որ չգնային. Գալուստ Սահակյանի ելույթի ժամանակ ԲՀԿ-ն լքեց դահլիճը
Արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկմանը «Հանրապետական» խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ում ելույթի կեսից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը։
«Թերևս կարելի էր չլսել՝ ամբողջ սցենարն այն էր, որ յոթ-ութ հոգի այս ամբիոնից խոսի, խոսում, հեռանում էին... աշխատելու եմ համարժեքից ցածր պատասխաններ տամ, ես չգիտեմ՝ լամ, թե խնդամ»,-իր ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Նա նկատեց, որ իր համար լալու ու խնդալու առիթը առավոտյան լուրերին տեղեկանալն էր. «Ազատության ձայնով լսում եմ, որ ընդդիմադիրներն առաջարկում են, որ եթե Կառավարությունը մինչև ապրիլի 28-ը հրաժարական տա, իրենք էլ հրաժարականի պահանջ չեն ներկայացնի.. սա հավի ու կորեկի պատմությունն է դառնում, սա շահարկում չէ, սա ծես է, որ նաև անբնական է, ամեն երկուշաբթի պիտի մի անմտություն այստեղ ներկայացնեն, հետո բերեն երեք շաբաթ հետո նորից նույն ծեսին մասնակցենք»,-ասաց նա։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ, իհարկե, կարող է մեկ առ մեկ պատասխանել բոլոր հարցադրումներին, բայց ըստ նրա՝ մարդու ուղեղը լվացքի մեքենա չէ` երբ ուզենա լվա, երբ ուզենա մզի: «Ինչ կապ Ալեքսանդր Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանն այս հարցադրման մեջ... դուք խառնում եք ամեն ինչ… հլա քեզ նայի, որտեղից ես եկել, որ օջախից ես եկել, դուք հարց չեք բարձրացնում, ընդամենը փորձում եք ամբոխ հավաքել»,-ասաց Գալուստ Սահակյանը։
Նա մանրամասն բացատրեց, իր համոզմամբ, ամբոխի ու ժողովրդի տարբերությունը. «Շատերը, այսինքն՝ դուք, ժողովուրդն ու ամբոխը խառնում են իրար, սրանք տարբեր բաներ են, ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար, ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև, ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան, ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար, ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազում։ Դուք ընդամենը սա եք, բայց ես դա չեմ ասում, Հովհաննես Թումանյանն է ասում 1920 թ.-ին»,-ասաց նա։ Այս խոսքերից վրդովված՝ ԲՀԿ-ն լքեց դահլիճը։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղից նկատեց. «Բա էս մարդիկ մտածեցին՝ դու ես ասում, սկզբից պիտի ասեիր, որ Թումանյանն է ասում, որ չգնային, Գալուստ, վերջում ես ասում»:










