Բոլորին մի սանրով սանրեցին. «Հարսնաքարի» գործով դատապարտյալների հարազատները բողոքի ցույց արեցին (տեսանյութ)
«Հարսնաքարի» գործով երեկ 12-ական տարիներով ազատազրկված վեց մեղադրյալների հարազատներն այսօր բողոքի ակցիա անցկացրին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով կայացնել արդար վճիռ:
Դատապարտվածներից Արման Բաղդասարյանի մայրը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկվա դատավարությունն անկրկնելի էր: «Նման «արդար» դատավարություն ես դեռ չէի տեսել, էս ի՞նչ էր, իհարկե, թացը չորին խառնվեց, մի սանրով բոլորին սանրեցին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Արման Բաղդասարյանն ինչ-որ մեկին մատով կպել է, թող ցմահ դատապարտվի:
Մյուս դատապարտյալ Արման Խաչատրյանի մայրը նույնպես հերթական անգամ հայտարարեց, որ իր տղան ոչ մի բան չի արել, «Ես ուզում եմ իմ տղային արդարացնեն, ես ուզում եմ արդար վճիռ»,-ասաց նա՝ սպառնալով, որ եթե ճիշտ վճիռ չկայացնի Վերաքննիչ դատարանը, ինքը բենզինը կլցնի իր վրա և կհրկիզվի:
Դատապարտյալի մայրը նաև նշեց, որ ժողովրդին և ընդդիմությանը լռեցնելու համար են իր տղային դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Բողոքում էր նաև դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը, ով նույնպես սպառնաց արդար վճիռ չկայացնելու դեպքում ինքնահրկիզվել: «Իմ տղան թող պատժվի իր գործողության համար, իմ տղան միջին ծանրության վնասվածք է հասցրել ինչ-որ մեկին, թող պատժվի իր արածի չափով, ոչ թե վախենան հանրությունից և դնեն ու բոլորին մի հոդվածով դատեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` 2012թ. հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
Երեկ՝ 2014թ. մարտի 24-ին Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Հարսնաքարի» գործով դատական գործը. դատարանը` դատավոր Դավիթ Հարությունյանը գլխավորությամբ, 6 ամբաստանյալներին դատապարտեց 12 տարվա ազատազրկման։










