Քեսաբի համար մարտերը շարունակվում են. զինյալները հայկական եկեղեցում են (տեսանյութ)

10:46 • 25.03.14

Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանում վերահսկողություն սահմանելու համար մարտերը շարունակվում են: Համաձայն առկա տեղեկությունների՝ այժմ այն գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ:

 

Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքը Լաթաքիայից օգնության ուժեր է ուղարկել Քեսաբի համար մարտնչողներին:

 

Իսկ մինչ այդ ֆեյսբուքյան խմբերում տեսանյութ է տարածվել այն մասին, թե ինչպես են զինյալները վերահսկողության տակ պահում հայկական եկեղեցին:


Նրանք փորձում են ցույց տալ, որ մտադիր չեն պղծել քրիստոնեական սրբավայրերը, սակայն տեսանյութի տակ առկա մեկնաբանություններից երևում է, որ ոչ բոլոր հայերն են հավատում զինյալների «ազնիվ» նպատակներին:

 


Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ երեկ Լաթաքիայից Լիբանան են վերադարձել Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ի կողմից ուղարկված պատվիրակները:


Պատվիրակության պատրաստած զեկույցի համաձայն՝ մոտ 2.000 հայեր են հեռացել Քեսաբից և ապաստանել Լաթաքիայի հայկական եկեղեցում և դպրոցում, իսկ շատերը՝ հարազատների տներում:


Երեկ Քեսաբ հայաբնակ ավանի մասին մեծ ռեպորտաժ է ներկայացրել նաև Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, որտեղ անդրադարձել է Քեսաբի հայկական պատմությանը, Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությանն ու ընդգծել այն հանգամանքը, որ Քեսաբի վրա վերջին հարձակվողների թվում շատ են եղել թուրք, թուրքմեն և չեչեն վարձկաններ:

 

Սիրիական հեռուստաընկերությունն անդրադարձել է նաև Հայաստանի խորհրդարանի կեցվածքին և Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը: