Տիբեթյան լամային չինական գործոնի պատճառով թույլ չեն տվել այցելել Հայաստան. Գուրգեն Եղիազարյան

10:43 • 25.03.14

Տիբեթյան լամայի՝ Հայաստան մուտքի արտոնագրի մերժման հարցում ազդել է չինական գործոնը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ընդդիմադիր քաղաքական-հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ վտանգներ կարող էին դիտարկվել լամայի այցելության պարագայում:


«Խնդիրը հզորագույն Չինաստանի կարծիքն է, ոչ թե լամայի գալը Հայաստան: Ազդել է չինական գործոնը: Այսինքն՝ Չինաստանն այդ լամային չի ընդունում, նա նրան անջատողական է համարում, և մենք էլ այն երկիրը չենք, որը կարող է հզոր Չինաստանի դեմ քայլ անել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:


Նրա խոսքով՝ սա մեր դիվանագիտական ռևերանսն էր Չինաստանին:


Հիշեցնենք, որ տիբեթյան վանական-լամայի այցը Հայաստան ձախողվել էր, քանի որ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատունը մերժել էր նրա մուտքի արտոնագիրը, և ինչպես հաղորդել էր «Առավոտ»-ը , նա պետք է մասնակցեր Երևանի «Մոսկովյան պուրակում» կայացած «Արևելքն այստեղ» խորագրով լայնածավալ միջոցառմանը: Դրա շրջանակում նախատեսված էր՝ «Արևելքն այստեղ» բուդդայական փիլիսոփայական հարցերի պատասխանների շուրջ մրցույթի արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնում, այլ միջոցառումներ, որոնք պետք է ամփոփվեին տիբեթյան վանականի օրհնության ծեսով, որի նպատակն էր՝ լույս բերելու մեր հայրենիք՝ դրանով իսկ նպաստելով էներգետիկ դաշտի բարելավմանն ու մեր ազգի հոգևոր զարգացմանը:

«Տիբեթ» կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ տիբեթյան վանական-լամային «ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատունն անհայտ պատճառներով» մերժել է:


Գուրգեն Եղիազարյանի ամփոփմամբ. «Երբ որ քո նախագահը լեգիտիմ չէ, դու պետք է հաշվի առնես ոչ միայն Չինաստանի, այլև Լեսոտո պետության շահերը»: