«Կուտակայինի» հարցում փոխզիջումների հարցը քաղաքական մեծամասնությունը գաղտնի է պահում
Թե ինչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել «Կենսաթոշակային կուտակային մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների միջոցով քաղաքական մեծամասնությունը պահում է այսպես ասած՝ յոթ կողպեքի տակ, և որևէ տեղեկատվական արտահոսքեր չեն լինում: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում խոստովանեց «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներից մեկը, մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, այդ մասին որևէ մեկը չի ասի:
Ըստ նրա՝ վարչապետի ֆինանսական բլոկի նախարարները, որոնք այնուամենայնիվ, աշխատում են փոխզիջումների նախագծի վրա, մի քանի տարբերակ են առաջ քաշում և դրանցից առաջինն այն է, որ պարտադիրի բեռը ընկած լինի գործատուի վրա՝ որպես հարկատեսակ, սակայն այնպիսի «շեմ» գտնվի, որ շատ չտուժեն գործատուն էլ, աշխատողն էլ: Մյուս տարբերակը, որ քննարկվում է, վերաբերում է օրենքի ժամանակավոր կասեցմանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ «Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում օրենսդրական փոփոխություններ անելու համար քննարկում է պետք անցկացնել ու ավելացրել. «Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների: Եթե հասկանանք, որ օրենքի մեջ կան թերություններ, մենք, անպայման, կշտկենք, բայց դա ճնշումների հետ կապ չունի»,– ասել էր նա։ Ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ եք հանել «պարտադիր» բառը, ԱԺ նախագահն ասել էր.«Պատրաստ ենք քննարկել»:
Այսօր արդեն Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, առանց որևէ բան մանրամասնելու, հայտնել էր, որ պարտադիր կուտակային հարցում կառավարությունը «պատրաստ է փոխզիջումների»:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Tert.am–ի հետ զրույցում կրկին պնդեց, որ փոխզիջումը չի կարող լինել այնպես, որ «պարտադիր» բառը հանվի օրենքից, այլապես այն իր իմաստը կկորցնի:
«Դեռևս մենք չենք քննարկել՝ ինչ զիջումներ են, ինչ են, բայց, որ օրենքում կիրարկման ժամանակ փոփոխություններ կլինեն, վստահ եմ, որովհետև սցենարները միշտ էլ օրենսդիրի օգնությամբ են լինում»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ լինի ժամանակավոր կասեցում, Գալուստ Սահակյանը նշեց.«Համենայնդեպս, ես դրան դեմ եմ»։
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ հարցին, թե տեղյա՞կ է, ինչ փոխզիջման մասին է խոսքը, պատասխանեց, որ ոչ: Նա հավելեց, որ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը Սահմանադրական դատարանում կներկայացնեն հնարավոր ելքերին իրենց պատկերացրած մոտեցումների մասին: «Այս պահին մեզ մոտ ո՛չ նման առաջարկ կա, ո՛չ էլ նման մոտեցումների քննարկում կա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ փոխզիջումը կատարվի տարիների կրճատման տեսքով, այսինքն՝ որ թոշակառուն այն ստանա ոչ թե 45 տարի հետո, այլ ասենք՝ 20, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ոչ և բացատրեց, որ ցանկացած ելք պահանջում է բազմաքայլ կոմբինացիա և որ ամենակարևորն է՝ հասարակության մեծամասնության կողմից հավանության արժանանա։










