ԱԺ խմբակցությունների ղեկավարները 20 րոպեով հետաձգեցին օրենքի քվեարկությունը՝ ԱԺ նախագահին համոզելու, որ այն հակասահմանադրական է
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկությունը հետաձգվեց 20 րոպեով։
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ձայն խնդրեց և հայտարարեց, թե լուրջ մտավախություն կա, որ հնարավոր է ընդունվի օրենք, որը հակասում է Սահմանադրությանը։ «Առաջարկում եմ ԱԺ նախագահին հրավիրել խորհրդակցություն խմբակցությունների ղեկավարների հետ և ասեմ, որ 4 խմբակցություններն այս պայմանավորվածությունն արդեն ունեն»,- ասաց նա։
Նշենք, որ ըստ ընդդիմության՝ Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը և դրանով Կառավարությունն ընդամենը փորձում է «Որոտան» ՀԷԿ-ի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20 տոկոսի վաճառքին օրինական տեսք տալ կամ օրինական շղարշով քողարկել։










