Ֆինանսների նախարարին երևի տեղյակ չեն պահել, որ խաղատների մասին նախագիծը Կառավարությունն է ներկայացրել. ԲՀԿ պատգամավոր
Նախարարին երևի Կառավարությունում հարկ չեն համարել տեղյակ պահել, որ այդ նախագիծը, որը վերաբերվում է խաղատներին, ներկայացրել է Կառավարությունը, և այն առանց փոփոխության Ազգային ժողովն ընդունել է. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հայտարարությանը, թե ինչու ոչ իշխանական ուժերը խոսելով մենաշնորհների մասին մոռանում են Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը, որը Երևանում միակն է մնացել, իսկ մյուս փոքր խաղատները փակվել են։
Հիշեցնենք, որ երեկ նախարարն անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե «որոշ ագահ, մասնավոր անձինք 6-8 մլն դոլար փող են աշխատում՝ շնորհիվ այն խաղի կանոնների, որոնք դուք եք առաջարկել»՝ պատասխանել էր։ «Ես այդ ժամանակ մտածում էի, թե որ մասնավոր անձի մասին է խոսքը գնում և այդ չափանիշներին վերաբերվող միայն մեկ օրինակ հիշեցի. դա վերաբերվում է Երևանում գործող միայն մեկ կազինոյին («Շանգրի Լա» խաղատուն-խմբ.), որն իսկապես տարեկան 6-8 մլն դոլար շահույթ է ստանում»,- նշել էր նախարարը՝ շեշտելով, թե այդ շահույթը ստանում է շնորհիվ նրա, որ նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է միահամուռ քվեարկել հօգուտ ներկայացված օրինագծի։
Հարցին, իսկ չի նշանակո՞ւմ, որ նույն ԲՀԿ-ն էլ խաղում է իրենց թելադրած խաղի կանոններով, Ստեփան Մարգարյանը պատասխանեց.«Խոսքն օրենսդրական դաշտին է վերաբերվում, այստեղ ցանկացած կուսակցություն և ցանկացած անձ ՀՀ ընդունված օրենքներով է շարժվում։ Իսկ օրենքների մեծ մասի հեղինակը Կառավարությունն է, և ավելի շատ անցնում են Կառավարության հեղինակած նախագծերը, որովհետև մյուսներինը Կառավարությունը մերժում է, և դրանք մեխանիկորեն մերժում է նաև մեծամասնությունը»։
Ինչ վերաբերվում է նրան, որ ԲՀԿ-ն միահամուռ քվեարկել էր օրենքի նախագծին, որը մենաշնորհներ է առաջացնում, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես վստահ չեմ, որ դա մենաշնորհ է առաջացնում, այդ բնագավառում մենաշնորհ չկա, դրանք հենց այնպես ասված բառեր են, ուղղակի այնքան փնթի են աշխատում, որ չեն տեսել, թե ով է ներկայացրել։ Խոսքը չի վերաբերվում նրան, որ եթե իրենք են ներկայացրել, ուրեմն մենաշնորհ է, այստեղ մենաշնորհ չկա, խոսքը վերաբերվում է նրան, որ Ֆինանսների նախարարը մեղադրում էր ԲՀԿ-ին ՝ առանց տեղյակ լինելու, որ իրենք են նախագիծը ներկայացրել և անցկացրել։ Հա՛, ԲՀԿ-ն կողմ է քվեարկել դրան, հետո ի՞նչ»։










