Օբաման առաջարկում է վերջ դնել հետախուզական գաղտնալսումներին

12:39 • 25.03.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է դիմել Կոնգրեսին՝ առաջարկելով վերջ դնել Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կողմից զանգվածային գաղտնալսումներին ու այդ տվյալների հավաքագրմանը։ Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այս մասին տեղեկացրել է Օբամայի աշխատակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ։

 

Եթե Կոնգրեսը հավանություն տա Օբամայի առաջարկին, ապա կդադարեցվի ԱՄՆ-ի տարածքում կատարվող միլիոնավոր հեռախոսազանգերի գաղտնալսման ու դրանց հիման վրա տվյալների հավաքագրման գործընթացը։

 

Փոխարենը կառավարությունը պետք է թույլտվություն ստանա Արտաքին հետախուզության վերահսկման դատարանից (Foreign Intelligence Surveillance Court) որոշակի անձանց հեռախոսազանգերի մասին տվյալներ ստանալու համար։ Սակայն The New York Times-ը հավելում է, որ նման հարցումը կարող է ներկայացվել, եթե կառավարությունը կասկածներ ունի, որ զանգահարողն ինչ- որ կապ ունի ահաբեկիչների հետ։