Սիրիացի կինը փորձել է ինքնահրկիզվել Լիբանանում` ՄԱԿ-ի գրասենյակի առաջ
Լիբանանի՝ մեծությամբ 2-րդ քաղաք Տրիպոլիում սիրիացի կինն ինքնահրկիզման փորձ է իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի առաջ։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, 40-ամյա կնոջ՝ Մարիամ Աբդել Կադերի նման քայլի պատճառն է եղել ծայրահեղ աղքատ վիճակը։ Անցորդները կարողացել են փրկել կնոջը, ով այժմ հոսպիտալացվել է։
Աղբյուրը մանրամասնում է, որ Լիբանանի տարածքում ապաստան է գտել 1.3 մլն-ից ավելի սիրիացի փախստական, որոնց մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում։
Երկուշաբթի Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեբրան Բասիլը հայտարարել է, որ իր երկիրն այլևս ի վիճակի չէ սիրիացի փախստականներ ընդունել։










