Նիվայի վարորդը սխալ է երթևեկել և դարձել ՃՏՊ-ի պատճառ. փորձագետը՝ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի մասին (տեսանյութ)
Եղվարդում անցած տարի տեղի ունեցած ավտոպատահարի գործով այժմ անազատության մեջ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով ավտովթարին, ասաց, թե եվրոպական երկրներում կան ժամանակակից տեխնիկաներ, որոնց միջոցով հնարավոր է լինում վերականգնել վթարները:
«Հատուկ սարքավորումներ օգտագործելով ամբողջ տեղանքը և դեպքը նկարվում է, և բացառված է, որ որևէ սխալ լինի: Նրանք մոդելավորում են վթարը, և հնարավոր չէ սխալվել»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ շարունակելով, թե այդ պարագայում սուտ ցուցմունք տալուց ևս հնարավոր է լինում խուսափել։
Ասուլիսին տեսահեռարձակման միջոցով միացավ նաև Սլովակիայի Հանրապետության դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, վթարների հետազոտության և վերլուծության եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ Գուստավ Կասանիցկին, ով ասաց, որ մոդելավորման ծրագրով հնարավոր է ճշգրիտ պատկերել վթարից առաջ և հետո տեղի ունեցածը:
«Աշխարհի գրեթե բոլոր փորձագետներն օգտվում են այս ծրագրից»,- ասաց պրոֆեսորը, ապա անդրադառնալով Վարդան Պետրոսյանի վթարին՝ նշեց, որ ոստիկաններն օբյեկտիվ և ճշգրիտ չեն աշխատել դեպքի վայրում:
«Մեզ հարկավոր էին ավելի հստակ փաստեր, սակայն քննիչի կողմից կատարված լուսանկարների մեջ չի երևում կողասահքի հետքերը: Երբ մենք ուղարկած նկարների հիման վրա մոդելավորել ենք վթարը, պարզ է դարձել, որ «Նիվայի» վարորդը սխալ է երթևեկել և դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ»,-ընդգծեց Գուստավ Կասանիցկին:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նաև ասաց, թե դեպքի վայրում քննիչի կողմից արված լուսանկարները եղել են շատ անորակ, և իրենք օգտվել են լուսանկարիչ Գագիկ Շամշյանի տրամադրած լուսանկարներից, ինչից հետո միայն կարողացել են առավել մանրամասն փաստեր ունենալ: Ըստ փաստաբանի՝ հայտնաբերված մի շարք խախտումները վթարի պատճառ չեն եղել, այլ նպաստել են դրան։
«Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ այդ վթարում շատ մեծ դերակատարություն ունի ճանապարհատրանսպորտային նշանների բացակայությունը։
«Այդքանից հետո գոնե համապատասխան մարմինները հետևություններ չեն արել և մինչ այժմ այդ նշանները տեղադրված չեն»,-նկատեց Էդուարդ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:










