Համաձայնություն կա Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Հաագայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և սկզբունքորեն համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթնաժողով անցկացնելու հարցում: Ուորլիքի խոսքով՝ մնում է ճշտել ամսաթիվը: Այդ մասին Ջեյմս Ուորլիքը գրել է Twitter-ի իր էջում:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո ևս մի գրառում է արել Twitter-ի իր էջում՝ մասնավորապես գրելով. «Եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բաց լինեն կառուցողական երկխոսության համար, մենք կարող ենք ճանապարհ գտնել տևական խաղաղության համար»:
Երեկ ավելի վաղ նա մի քանի գրառում էլ էր արել։
«Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Միասին աշխատելով՝ տևական խաղաղությունը հնարավոր է»,- Twitter-ի իր էջում գրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Ուորլիքը նաև մեկ այլ գրառում էր արել. «Ինձ ուղղեցին այսօր՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Եվ այնուամենայնիվ, մենք խնդրի խաղաղ լուծում ենք ցանկանում բոլոր կողմերի համար»: Ըստ երևույթին՝ Ուորլիքն անդրադարձել է նախկինում իր արած գրառմանը, որտեղ գրել էր, որ հարկավոր է փորձել հասկանալ, թե ինչ կարելի է սովորել Ուկրաինայի իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար:










