Ամիրյան փողոցի իրացման գոտու բնակիչները նախագահական նստավայրի առջև պահանջում են իրենց բնակարանները (լուսանկարներ)
Դեռևս 2004 թ. իրացման գոտի ճանաչված Ամիրյան փողոցի մի շարք շենքերի բնակիչներ այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացրին և նամակ թողեցին նախագահական նստավայրում: Նրանք պահանջում են իրենց բնակարանները, որոնցից զրկվել են 10 տարի առաջ:
Բնակիչներից Վաչագան Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20 հասցեներից այսօր դեռևս դրսում են մնացել 23 բնակարանների սեփականատերեր: Նա նշեց, որ թեև այսօր շենքերը պատրաստ են, բայց դրանցում հնարավոր չէ ապրել:
«Ոչ պատուհաններ են տեղադրվել, շենքի հետևի հատվածը ընդհանրապես սալիկապատված չէ, լիֆտ չկա տեղադրված, բայց հերիք չէ նման տեսքով են մեզ ուզում հանձնել բնակարանը, մի բան էլ գումար են պահանջում հողատարածքի համար՝ մեր իսկ բնակարանները հետ վերադարձնելու համար: Բայց մենք չունենք այդ գումարը և հետո դա մեր բնակարաններն են, ինչու պետք է վճարենք, եթե մենք դրանց դիմաց 2004թ. գումար չենք ստացել»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ այս տարիների ընթացքում դիմել են մի շարք գերատեսչությունների՝ Երևանի քաղաքապետարանից մինչև Ֆինանսների նախարարություն, քանի որ հենց վերջինիս իրավասության տակ է գտնվում հարցը:
Այնուամենայնիվ, այս 23 բնակիչներից ընդամենը մի քանի հոգի էին եկել պաշտպանելու իրենց իրավունքները, իսկ պատճառն այն էր, որ նրանցից մի մասն արդեն մահացել է՝ այդպես էլ չստանալով իր բնակարանը, մյուս մասն էլ` արտագաղթել:
Նշենք նաև, որ նախագահի նստավայրից բնակիչներին հրավիրեցին ներս՝ խնդիրը քննարկելու:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










