Գործել եմ իրավիճակին համարժեք և տվել անհրաժեշտ պատասխան. բնապահպանության նախարար
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, այսօր Ազգային ժողովում անդրադառնալով երեկ բնապահպան ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին, նկատեց, թե գործել է տվյալ իրավիճակին համարժեք և տվել այն պատասխանները, ինչ-որ անհրաժեշտ էր:
Հիշեցնենք, որ նույն կոնֆերանսում իրեն կեղտոտ ջուր առաջարկելու համար նախարար Հարությունյանն ակտիվիստին ասել էր՝ «ականջներդ կկտրեմ, ձեռք կդնեմ»։
Արամ Հարությունյանը նշեց, որ շատ վիրավորական արտահայտություններ են եղել բնապահպանության նախարարության հասցեին, և ինքն ստիպված է եղել պատասխանել. «Բոլոր արտահայտությունները նախարարության հասցեին, այդ թվում՝ նաև անձնական, ես լսում էի և ստիպված եղա արձագանքել, այդ թվում եղավ կոշտ արձագանք… սա է եղել ամբողջ պատմությունը»:
Լրագրողների հարցին, թե չի՞ պատրաստվում ներողություն խնդրել, նախարարը պատասխանեց. «Թող նաև իրենք, ովքեր այդ իրավիճակն ստեղծում են, մտածեն, որ պետք է քաղաքական գործիչներին, Կառավարության անդամներին վերաբերող նշաձողը չիջնի երբեք։ Առաջարկում եմ հետայսու այդպես վարվել: Ես ասում էի՝ գոռալով հարցեր մի բարձրացրեք: Ես գտնում եմ, որ ես գործել եմ տվյալ իրավիճակին համարժեք և տվել եմ համարժեք պատասխան: Երբ քեզ բերում են անձնական դաշտ և փորձում են խաչաձև հարցերով շփոթեցնել, և այդ շփոթմունքի մեջ մեկ այլ հետաքրքրություն գտնել… Շատ եմ ափսոսում, որ այդ քննարկումը նման իրավիճակի վերածվեց»։










