Կառավարությունը 3-րդ անգամ չպատասխանեց Արամ Մանուկյանի՝ «Որոտան»-ի օտարման մասին հարցին
ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովիսիսյանի, այսօր երրորդ անգամ չպատասխանեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ «Որոտան Կասկադ»-ի օտարման մասին հարցին:
«Ջրի ազգային ծրագրով սահմանված է, որ պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման, դրանք համակարգում են պետական հատուկ նշանակության ջրային համակարգեր, որի մեջ մտնում է նաև նշածս ընկերությունը: Ի՞նչ օրենքով, ի՞նչ հիմնավորմամբ պետական ռազմավարական նշանակության ջրամբարները վերջնական արդյունքում վաճառվել են: Կարո՞ղ է՝ Դուք ասում եք՝ չի վաճառվել»,-հայտարարեց Արամ Մանուկյանը՝ խնդրելով ներկայացնել գործարքի իրավական հիմքը:
Նա նաև պահանջեց պատասխանել՝ ինչու՞ չեն արձագանքում իր գրավոր հարցումներին:
Ամբիոնին մոտեցած Արմեն Մովսիսյանը կրկին չպատասխանեց՝ ասելով. «Հարցը ժամկետի մեջ է, քննարկում ենք, կպատասխանենք, այնպայման»:
Սա վրդովեցրեց Արամ Մանուկյանին, ով հարցրեց. «Ախր շատ դժվա՞ր ա էդ հարցին պատասխանելը: Ես չեմ հասկանում, ու էդ դեպքում, ես որպես պատասխան եմ ընդունում Ձեր արտահայտությունը. բառացիորեն՝ ««Որոտան Կասկադը» արդեն մոտ 40 տարեկան է, նման կասկադների համար 40 տարին սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ կապիտալ ներդրումներ: Սա է եղել պատճառը, որ Կառավարությունը որոշել է վաճառել «Որոտանը»»:
ՀԱԿ պատգամավորը իր հարցի պատասխանը փորձեց ստանալ՝ այս մեջբերումից հետո հարցնելով՝ «այսինքն՝ Դուք ասում եք, որ «Որոտանը» վաճառվել է»:
«Այդ հարցի պատասխանը գրավոր ժամկետում կտամ»,-կրկնեց Արմեն Մովսիսյանը:
«Դուք պատասխան չունեք»,-ի պատասխան ասաց արդեն հունից լրիվ դուրս եկած Արամ Մանուկյանը:










