Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որևէ մեկը որևէ մեկի ականջները կտրի. նախարարները պաշտպանեցին Արամ Հարությունյանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը դեռ պատրաստ չէ գետի ջուր խմել, իսկ երկու օր առաջ, երբ պատրաստակամություն էր հայտնել բնապահպանների առաջարկած ջուրը խմել, տեղյակ չէր եղել, որ դա գետից է վերցված։
«Ճիշտն ասած՝ ես մտածեցի, որ խմելու ջրի մասին է խոսքը, բայց հետո հասկացա, որ չէ, գետի ջուր է, ու ճիշտն ասած՝ դեռ պատրաստ չեմ գետի ջուր խմել»,- այս մասին այսօր լրագրողներին ասաց Վահրամ Ավանեսյանը։
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ բնապահպանի հասցեին հնչեցրած սպառնալիքին, նախարարը պատասխանեց, թե իրեն զայրացնում է ընդհանրապես՝ ցանկացած ոչ ադեկվատ գործողություն։
Նշենք, որ նույն կոնֆերանսին նախարար Հարությունյանն իրեն կեղտոտ ջուր առաջարկելու համար ակտիվիստին ասել էր՝ «ականջներդ կկտրեմ, ձեռք կդնեմ»։
Դիտարկմանը, թե Դուք սառնասիրտ գտնվեցիք, նման սպառնալիքներ չհնչեցրիք, նախարարը շրջանցեց՝ նշելով. «Խոսքը վերաբերում է նրան, որ այո´, պե´տք է լինի հանրության կարծիքը, բայց չափերը պետք է պահպանել, չի կարելի աթոռի կանգնել կոշիկներով ու գոռալ ամբողջ կոնֆերանսի ընթացքում»:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նույն հարցի առնչությամբ նկատեց. «Ես բոլորիդ մաղթում եմ, որ ձեզ էլ նույն ոճով ջուր առաջարկեն, և տեսնեմ, թե դուք ձեզ ինչպես եք պահում»։
Վաչե Գաբրիելյանն ասաց, թե պետք չէ մարդկանց հրահրել այնպես, որ նրանք ափերից դուրս գան, և ապա՝ հավելեց, թե սպառնալիքը հնչել էր փոխաբերական, այլ ոչ թե՝ բառի բուն իմաստով:
«Իմ կարծիքով՝ դա փոխաբերական էր: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որևէ մեկը որևէ մեկի ականջները կտրի… Դա, բնականաբար, ցավալի արտահայտություն է, որի համար ես ցավում եմ, բայց կարծում եմ, որ հրահրելը ևս ցանկալի չէ»,- նշեց նա:










